Հայտնի են հոկտեմբերի 21-ին Հայաստանի խոշոր քաղաքներում կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքները։

- Էջմիածին քաղաքի քաղաքապետ է ընտրվել իշխանության թեկնածու Դիանա Գասպարյանը։ Նրա օգտին քվեարկել է 4519 քաղաքացի։ Նա Հայաստանում առաջին կին քաղաքապետն է։ Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո նա քաղաքապետի պաշտոնակատարն էր։ Նշենք, որ Էջմիածնում 25 647 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 8848 մարդ։ Հիշեցնենք, որ այս համայնքում առաջադրվել էր 12 թեկնածու։

- Կապանի համայնքապետի ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքներով ընտրվել է ինքնաառաջադրված, անկուսակցական Գևորգ Փարսյանը։ Նա ստացել է 10 հազար 507 կողմ ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Նարեկ Բաբայանը՝ 8499 ձայն, ինքնաառաջադրված անկուսակցական Էդգար Հովհաննիսյանը՝ 297 ձայն։

- Արմավիրի քաղաքապետ է ընտրվել Դավիթ Խուդաթյանը։ Նշենք, որ Դավիթ Խուդաթյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է։

- Հրազդանի քաղաքապետ է ընտրվել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Սևակ Միքայելյանը։ Սևակ Միքայելյանը ստացել է 10 հազար 681 կողմ ձայն։ Նրա միակ մրցակից անկուսակցական ինքնաառաջադրված Լևոն Ստեփանյանը հավաքել է 4819 ձայն։ Հիշեցնենք, որ Հրազդանում ընտրություններին մասնակցել էր 16 հազար 259 քաղաքացի։