Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն: Նախագահը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) երկամյա պարբերականությամբ կազմակերպվող վեցերորդ Համաշխարհային ներդրումային համաժողովին (World Investment Forum 2018), որն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով:

Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով hանդես կգա համաժողովի շրջանակում կայանալիք Գլոբալ առաջնորդների վեհաժողովում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում կմասնակցի նաև Crans Montana միջազգային հեղինակավոր ֆորումի 20-րդ տարեկան նստաշրջանի բացմանը և տեղական ու գլոբալ անվտանգության խնդիրներին նվիրված քննարկումներում հանդես կգա որպես գլխավոր բանախոս:

Նշենք, որ Crans Montana Forum-ը միջազգային համագործակցությունը խրախուսող ազդեցիկ հարթակ է, որի տարեկան միջոցառումներին, ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ, ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկում են սոցիալական, տնտեսական խնդիրներ, անվտանգության հետ կապված կարևորագույն հարցեր: