Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները։ Նրանք ասում են, թե շատ մարդիկ ձեռք են բերել աջ ղեկով մեքենաներ՝ տեղյակ չլինելով օրենքի սահմանափակումներին, որ հոկտեմբերի մեկից այդպիսի մեքենաներ ներկրելու արգելքը չի հանվում։

«Շուրջ 150 մեքենա սահմանին արգելափակված է, դրանք այն մեքենաներն են, որոնց վրա ամեն օր Վրաստանում 10 հազար դրամ տուգանք է գալիս, ու մոտ 2500 մեքենա Վրաստանի տարբեր քաղաքներում կանգնած է, որոնց ժամկետները լրանում է, խնդիր ունենք այդ մարդկանց մեքենաները Հայաստան բերելու», - ասել է ակցիայի մասնակիցներից մեկը, հայտնում է Aysor.am-ը։

Բողոքող քաղաքացիներին է միացել Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը նշել է, թե ինքն ակնկալում էր, որ նախկին կառավարության ընդունած որոշման մեջ փոփոխություն կլիներ։

«Որովհետև ես գտնում եմ, որ որևէ ապացուցողական բազա չկա առ այն, որ աջ ղեկով մեքենաները իրենցից վտանգ են ներկայացնում ու դա սպառնալիք է ճանապարհային երթևեկության ու անվտանգության առումով», - ասել է ԱԺ պատգամավորը։

Էդմոն Մարուքյանն ակցիայի մասնակիցներին ասել է, որ իրեն դիմում ուղարկեն Բաղրամյան 19 հասցեով և ինքն անպայման գրավոր ընթացակարգով կդիմի կառավարությանը ու կառաջարկի խնդիրը լուծել և օրենքում փոփոխություն կատարվի, որ սահմանում կուտակված մեքենաները թույլ տան ներմուծել։

«Նախարարն ասում է որպես պահեստամաս ներմուծել կամ էլ հետադարձ ճանապարհ չկա», - ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Էդմոն Մարուքյանն էլ նշել է, որ որևէ մեկը չի կարող քաղաքացուն դարձնել մեքենաների պահեստամասեր վաճառող։

«Այս առաջարկներն անհիմն են ու որևէ կերպ չեն բխում այսօրվա իրողություններից, մենք այսօր չենք կարող քաղաքացուն նման բաներ ասել», - ասել է Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ ոկտեմբերի 18-ին մի քանի տասնյակ հայաստանցիներ, ովքեր աջ ղեկով ճապոնական մեքենաներ են ներկրել, փաստի առաջ էին կանգնել հայ-վրացական սահմանին. ավելի քան 1500 նոր գնված մեքենաներ չեն կարողանում հասցնել Հայաստան։

Դեռ 2018թ-ի մարտի 1-ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով արգելվել է Հայաստան ներկրել աջ ղեկով մեքենաներ, մինչդեռ Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ տարեսկզբին բոլոր քննարկումները եղել են ժամանակավոր արգելքի շուրջ՝ մինչև հոկտեմբերի 1-ը: