2020թ-ին Հայաստանը պետք է 506.9 մլրդ դրամի կամ մոտ $1,055 մլրդ-ի պետական պարտք մարի: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, փոխանցում է panarmenian.net-ը։

Նշվում է, որ մարման ենթակա պարտքի ծավալը արտաքին վարկերի գծով կազմում է 127.3 մլրդ դրամ, 121.1 մլրդ դրամը՝ պետական գանձապետական պարտատոմսերի գծով, և 258.5 մլրդ դրամը՝ պետական արտարժութային պարտատոմսերի գծով:

Ավելի վաղ Reuters պարբերականը գրել էր, որ Հայաստանը մեծ պարտքերի և ազգային արժույթի փոքր պաշարների հետևանքով հայտնվել է արտաքին պարտքի վերաֆինանսավորման հետ կապված ռիսկերի նկատմամբ ամենախոցելի երկրների շարքում. նշվում էր, սակայն, որ 2020թ-ին ՀՀ-ն պետք է մարի կես միլիարդ դոլարի պարտք, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 3,9%-ը:

Անդրադառնալով կառավարության պարտքի հետ կապված ռիսկերը բնութագրող ցուցանիշներին՝ նախարարությունից նշեցին, որ գործադիրի կողմից հաստատված ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2019-2021թթ-ի ռազմավարական ծրագրում, դիտարկվել է նաև 2020թ-ին մարվող արտարժութային պետական պարտատոմսերի վերաֆինանսավորման նպատակով կանխատեսվող ժամանակահատվածում նոր արտարժութային պարտատոմսերի տեղաբաշխում իրականացնելու տարբերակը:

«Միաժամանակ, միջնաժամկետ հատվածում, միջազգային ֆինանսական կառույցներից առավել նպաստավոր պայմաններով փոխառությունների ներգրավման հնարավորության առկայության կամ ներքին շուկայում բարենպաստ պայմանների առկայության դեպքերում, կառավարության կողմից կդիտարկվեն այդ աղբյուրներից յուրաքանչյուրի կամ դրանց համատեղման միջոցով 2020թ-ին մարվող արտարժութային պարտատոմսերը վերաֆինանսավորելու կամ փոխառությունների ներգրավմանը զուգահեռ արտարժութային պարտատոմսերը վաղաժամկետ հետգնելու նպատակահարմարությունը», - հայտնեցին նախարարությունից՝ հավելելով, որ քանի դեռ ՀՀ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեն պակասուրդային է, Հայաստանը լինելու է զուտ վարկառու երկիր:

Միևնույն ժամանակ, կառավարության 2018թ-ի հուլիսի 10-ի որոշմամբ հաստատվել է ՀՀ կառավարության պարտքի նվազեցման 2019-2023թթ-ի ծրագիրը, որով նախատեսում է աստիճանաբար նվազեցնել պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը մինչև 2023թ-ի թիրախային 49.8% մակարդակը: