ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պետական համակարգում իր կադրային քաղաքականությանը, նշել է, որ «պրոֆեսիոնալների առջև չենք փակելու դռները, այլ նրանց համախմբելու փորձ ենք անելու», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկար տարիներ պահպանել է իր իշխանությունը՝ պրոֆեսիոնալների ներգրավելով: Ընդ որում, ներգրավելիս չեն ասել՝ «եկեք, գնանք երկիրը թալանենք», այլ ասել են՝ «հանուն ազգի, պետության եկեք ստանձնեք այդ պարտավորությունը», հետո ասել են՝ «հանուն ազգի, պետության եկեք մի նկատեք այս մի բանը», և այդպես շարունակ, մինչև որ այդ մարդիկ հասկացել են, որ մինչև գոտկատեղը խրված են ինչ-որ պրոցեսի մեջ», - ասել է վարչապետը՝ նշելով, որ չեն բացառում ՀՀԿ-ի հետ գործակցած պրոֆեսիոնալների ներգրավում իր կառավարություն:

Նա նշել է, որ եթե պարզվի՝ որևէ պետական պաշտոնյա քրեորեն պատժելի արարք է գործել, կկանգնի պատասախանտվության առջև:

Անդրադառնալով իր պատգամավոր եղած ժամանակ արած այն հայտարարությանը, համաձայն որի «Անոնիմուսների շքերթի» ընթացքում տեղի ունեցած բախումներից հետո կալանավորված ու դատապարտված Շանթ Հարությունյանն իրեն ասել է, թե Սյունիքի նորանշանակ մարզպետ, այն ժամանակ փոխոստիկանպետ Հունան Պողոսյանը խոշտանգել է իրեն, Փաշինյանն ասել է՝ ուրախ է, որ այդ տեղեկությունը վերջերս հերքել է Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը:

Ավելի վաղ Փաշինյանը Սյունիք մարզպետի պաշտոնում է նշանակել ՀՀ նախկին ոստիկանապետ Հունան Պողոսյանին, ինչը հասարակական դժգոհության ալիք է բարձրացրել: Վարչապետի պաշտոնակատարը հիմնավորել է, որ Պողոսյանի նշանակումը մարզում հստակ խնդիրների լուծման համար է՝ մասնավորապես քրեածին կլանների չեզոքացում, և այլն: