Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը հայտարարել է, որ Ամմանը Իսրայելին հայտնել է, որ մտադիր է հետ պահանջել 1994թ.-ի պայմանագրով Իսրայելին մնացած երկու տարածքները, հայտնում է aljazeera-ն։

Պայմանագրով Իսրայելը վարձակալել էր մոտ 405 հեկտար գյուղատնտեսական հողատարածք, որոնցից մեկը գտնվում էր Հորդանանի սահմանին, այսպես կոչված ալ-Ղումար տարածքը, և Յարմուկ գետի մոտակայքում գտնվող ալ-Բաքուրա տարածքը։ Այդ տարածքները ներկայումս կարգավորվում են խաղաղ պայմանագրի «հատուկ ռեժիմով», որտեղ Իսրայելը ճանաչում է Հորդանանի ինքնիշխանությունը։

Գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքները մշակվում են Իսրայելի գյուղատնտեսների կողմից արդեն 25 տարի։ Պայմանագրի դադարեցման համար անհրաժեշտ է 12 ամիս առաջ տեղեկացնել։ Պայմանագրի նորացման վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է։

Հորդանանի թագավորի հայտարարությունից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը կբանակցի Հորդանանի հետ վարձակալության երկարացման համար, որը ավարտվում է հաջորդ տարի։ Սակայն պարզ չէ, թե ինչպես ու երբ պետք է այդ տարածքները վերադարձվեն Հորդանանին, որոնք Իսրայելի հսկողության տակ են 1948թ.-ից։