«Ալավերդու պղնձաձուլարանի և փակելն է ճիշտ, և բողոքելը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն՝ անդրադառնալով Ալավերդու պղնձաձուլարանի փակմանը, աշխատողների դժգոհություններին, ինչպես նաև պղնձաձուլարանի գործունեության դադարեցումից սոցիալ-տնտեսական հետևանքներին։

Նրա խոսքով՝ եթե սոցիալական խնդիրները կոնֆլիկտի մեջ են մտնում, դա շատ վատ է և բնակչության, և երկրի համար։

Կարինե Դանիելյանն ասաց, որ իրականում Լոռիում էկոլոգիական և առողջապահական խնդիրները շատ լուրջ են։ Դեռևս 2009թ-ին ՄԱԿ-ի պատվերով իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ Ալավերդիում քաղցկեղի, արյան հիվանդություններն աճել են, ինչը պատահականություն չէ.

«Չնայած առողջապահության նախարարությունը միշտ խուսափում է տեսնել շրջակա միջավայր-առողջություն կապը, բայց դա ակնհայտ է»։

Բնապահպանի խոսքով՝ Լոռին այլընտրանքային տնտեսական զարգացման կարիք ունի, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն ասել՝ «թեկուզ հիվանդանում ենք, բայց չենք կարող սովից մահանալ» սկզբունքով առաջնորդվեն։

Նրա խոսքով՝ պղնձաձուլարանի փակման վերաբերյալ լուրերը և պատճառները հստակ հայտնի չեն, սակայն աշխատակիցների շրջանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` պատճառը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից նշանակված 380 միլիոն դրամի տուգանքն է: Այսինքն, ըստ նրա, ակնհայտ է, որ գործարանի փակման պատճառը ֆինանսական խնդիրներն են։

Հաշվի առնելով ստեղծված վիճակը՝ Ինգա Զարաֆյանը հայտնեց, որ ԷկոԼուրը բաց նամակ է հղել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին, որպեսզի Կառավարությունն ակտիվ մասնակցություն ունենա Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի և Ալավերդու պղնձաձուլարանի՝ վարկերի դիմաց ռուսական VTB բանկի և «Վալլեքս» խմբի ընկերությունների ընթացող գործընթացներին՝ օգտագործելով ՀՀ Սահմանադրությամբ պետությանն ամրագրված ազդման բոլոր լծակները, ինչպես նաև ընդունման-հանձնման գործընթացում «Վալլեքս» խմբի ընկերություններից պահանջել համապատասխան էկոլոգիական և սոցիալական աուդիտ:

Նա նշեց, որ նախորդ կառավարությունը մեծ առավելություններ է տվել «Վալլեքս» ընկերությանը, որը գործարանը շահագործել է խախտումներով և դրա համար ոչ մի վնաս չի կրել։ Հիմա, ըստ նրա, իրավիճակը փոխվել է։

«Գործարանը կառավարությունը չի փակել, ընկերությունն է այն կանգնեցրել, պարզապես կառավարությունը պահանջներ է ներկայացրել։ Պետք է գտնել այլընտրանքային տարբերակներ, որպեսզի խնդրին լուծում տրվի»,- ասաց նա։