ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Իմ քայլը» դաշինքը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ինչպես կառավարության կողմից առաջարկվող, այնպես էլ գործող Ընտրական օրենսգրքով։

Նրա խոսքով, ԸՕ֊ի առաջարկված փոփոխությունները ժողովրդավարական, առաջադիմական և «շահավետ էին առաջին հերթին հենց ոչ առաջատար, ոչ իշխանական քաղաքական ուժերի համար»:

«Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան և գործընթացը վերածեցին մկանների ցուցադրության՝ հերթական անգամ դառնալով մեր երկրի զարգացման խոչընդոտ և հերթական անգամ մեր երկիրը դարձնելով իրենց, թույլ տվեք ասել, անիմաստ տվայտանքի գերին», - գրել է Միրզոյանը:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չի ընդունել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում արտահերթ նիստ էր գումարվել և քննարկվում էր ԸՕ-ն։ Նախագծի հիմնական զեկուցողն էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։