Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Ազատ դեմոկրատների խմբի» փոխնախագահ Գանիրա Փաշաևան, ով հայտնի է իր հակահայկական հայացքներով, Թուրքիայում է:

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Իզմիր քաղաքում նա ներկա է գտնվել «STAR» նավթավերամշակման գործարանային համալիրի բացման արարողությանը։ Այնուհետև մեկնել է Թուրքիայի Թոքաթ նահանգի համանուն քաղաք, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել։

Լրագրողների հետ հանդիպմանը Փաշաևան մասնավորապես ասել է.

«Մենք ցանկանում ենք, որ Թոքաթում Ղարաբաղի զբոսայգի լինի։ Ղարաբաղը բոլորիս ընդհանուր վիշտն է ու ցավը։ Ղարաբաղի զբոսայգու բացումն ուղերձ կլինի թե՛ բարեկամին և թե՛ թշնամուն»:

Աղբյուրը հիշեցնում է՝ Թուրքիայի Հաթայ նահանգի (պատմ. Ալեքսանդրետ, Կիլիկիա) Բելեն շրջանում արդեն բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունը կրող զբոսայգի, իսկ այդտեղի պողոտաներից մեկը վերանվանվել է Ադրբեջանի պողոտա: