Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) հրավերով Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 18-ին և 19-ին մասնակցեց Ստրասբուրգում անցկացված համաժողովին՝ «Արդարադատության հասանելիությունը բռնությունից տուժած կանանց համար» թեմայով: Պատվիրակության կազմում էին Գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Գոհար Գևորգյանը, բաժնի գլխավոր մասնագետ Պետիկ Մկրտչյանը, Համագործակցության և հանրային կապերի բաժնի ղեկավար Աննա Մկրտիչյանը:

Համաժողովին մասնակցում էին 70-ից ավելի պատվիրակներ Արևելյան գործընկերության անդամ երկրների իրավական ոլորտի մասնագետների համար մասնագիտական պատրաստում և վերապատրաստում իրականացնող կառույցներից, պետական կառավարման մարմիններից, ԵԽ համապատասխան ստորաբաժանումներից, տեղական և միջազգային փորձագետներ:

ԵԽ «Արդարադատության հասանելիությունը բռնությունից տուժած կանանց համար Արևելյան գործընկերության 6 երկրներում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում անցկացվող համաժողովի ընթացքում քննարկվեցին կանանց համար արդարադատության հասանելիությունն ապահովելու միջոցները՝ հատուկ ուշադրություն դարձնելով բռնության ենթարկված կանանց խնդիրներին: Համաժողովի նպատակն էր ամփոփել այն արդյունքները, որոնց հասել են Արևելյան գործընկերության երկրները կանանց համար արդարադատության հասանելիության ապահովման գործում՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիայի) լույսի ներքո:

Համաժողովի ընթացքում զեկույցով հանդես եկավ պրոռեկտոր Անահիտ Մանասյանը՝ ներկայացնելով Ակադեմիայում իրականացված և իրականացվելիք միջոցառումները՝ ուղղված վերոնշյալ ոլորտի շրջանակում խնդիրների լուծմանը: