Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում ցմահ դատապարտվածների հարազատները։ «Օրենքի գերակայություն, ոչ զգացմունք», «Հետաձգված արդարությունը մերժված արդարությունն է» այս ու այլ կարգախոսներով ցուցապաստառներ բռնած նրանք պահանջում են ազատություն հարազատներին։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը, քաղաքագետ Արմեն Աղայանը, Ջավախքից հասարակական գործիչ Վահագն Չախալյանը ևս մասնակցում են բողոքի ակցիային։

«Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովում քննարկվելու է համաներում հայտարարելու վերաբերյալ օրինագիծը։ Մենք ցանկանում ենք, որ քննարկման առարկա դարձնեն նաև ցմահ դատապարտվածների նկատմամբ համաներումը»,- ասել է փաստաբանը։

Իրավապաշտպան Պապիկյանը կարծիք է հայտնել, որ համաներումը պետք է տարածվի ավելի շատ մարդկանց վրա, քան ԱԺ ներկայացված նախագիծն է սահմանում։ Նա համարում է, որ ազատության մեջ պետք է հայտնվեն նաև այն մարդիկ, ովքեր արդեն 20 տարի բանտում են։ Փաստաբանն ասել է, որ տեսել է նախագիծը, այնտեղ ասվում է, որ համաներումը չի տարածվելու ցմահ դատապարտվածների վրա։

Արմեն Աղայանն էլ կարծիք հայտնեց, որ մեծ թվով ցմահ ազատազրկվածներ հանցանքը գործել են մինչև 21 տարեկանը, ցմահ ազատազրկվածներ կան, որ մահապատժի են դատապարտվել, նրանց ևս պետք է վերաբերի, կան նաև հաշմանդամություն ունեցողներ։

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման իջած ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը խոստացել է ճշտել արդարադատության նախարարից՝ հնարավո՞ր է վերանայել, փոփոխություններ իրականացնել օրինագծում։ Նա հիշեցրեց, որ այն տարածվում է թեթև ու միջին ծանրության հանցանք կատարածների վրա։

«Ես կխոսեմ նախարարի հետ, հասկանամ, թե ինչ կարելի է անել, երբ խոսքը վերաբերում է ծանր հանցագործություն կատարածներին, հասկանում եք, չէ՞, որ մյուս կողմն էլ կա, տուժողներ կան, մեկի երեխան է մահացել այդ հանցագործության հետևանքով»,- ասել է պատգամավորը։

Ալեն Սիմոնյանն առաջարկել է իրեն փոխանցել դատապարտյալների տվյալները, քրեական գործի վերաբերյալ մանրամասներ, որպեսզի կարողանա առարկայական քննարկում ունենալ նախարար Զեյնալյանի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վերահաստատել էր իր հայտարարությունը, որ Հայաստանում առաջիկայում հայտարարվող համաներումը աննախադեպ մեծ է լինելու։

«Սա համաներում է, սա մարդասիրական ակցիա է, որն իրականացվելու է այս իրադարձությունների լույսի ներքո։ Կառավարությունը հանրության անունից ժեստը անում է իր նկատմամբ ոտնձգություն իրականացրած մարդկանց համար», - ասել էր Զեյնալյանը: