ՀՀ կառավարությունը լուծարելու է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, ինչի արդյունքում կտնտեսվի 29.5 մլն դրամ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՊՈԱԿ-ն իր գործառույթներն իրականացնում է 17 հաստիքային միավոր ունեցող անձնակազմով, որի պահպանման համար պետական բյուջեից տարեկան հատկացվում է 29.5 մլն դրամ գումար, «ինչը նպատակահամար չի համարվում»:

ՊՈԱԿ-ի լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծվելու է լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ֆինանսների նախարարության, պետական եկամուտների կոմիտեի և արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցիչներին: