Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը:

«Ինչպես արդեն ասվել է, այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և մեր խնդիրն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն է, որպեսզի հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներ չլինեն: Այս անգամ անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը չընտրի վարչապետ, որպեսզի իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարվի»,- պարզաբանել է նա իր գրառման մեջ:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին: Ըստ նրա ծրագրի, ԱԺ-ն երկու շաբաթ անընդմեջ չի ընտրի վարչապետ, ինչից հետո խորհրդարանը օրենքի ուժով կլուծարվի, և դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ ընտրություններ:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետի ընտրություններում խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: