Շատ հանդիպումների ժամանակ, այո՛, Ադրբեջանը լրջորեն բանակցում էր, քննարկում էր, և դա էր պատճառը, որ մենք բազմիցս շատ մոտ էինք համաձայնության գալուն։ Այս մասին «Հանրային» հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Դա, հիշեցնեմ, Կազանն էր, բայց ոչ միայն Կազանը, Կազանից առաջ նաև Սոչիի հանդիպման ժամանակ, Սոչիից առաջ Աստրախանի հանդիպման ժամանակ, Աստրախանից առաջ Սանկտ Պետերբուրգի, և այսպես կարող ենք շարունակել, բայց ամեն պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը նորից հետքայլ է արել։ Երևի դժվար է ընդհանրացված ձևով ներկայացնել, թե ամեն հանդիպման ժամանակ ինչպես է իրեն պահում Ադրբեջանը, գիտե՞ք՝ ինչքան հանդիպումներն են եղել, միայն նախագահների մակարդակով գրեթե երկու տասնյակ հանդիպում է եղել, իսկ արտգործնախարարների մակարդակով գրեթե վեց տասնյակ հանդիպում»,-ասել է նախարարը:

Նրա կարծիքով՝ սա է պատճառը, որ առաջընթաց չի արձանագրվում։ Բայց բանակցությունները բավական լուրջ են եղել: Էդվարդ Նալբանդյանը հարցադրում է արել. երբեմն Ադրբեջանն ասում է՝ վերջապես պետք է լուրջ բանակցություններ վարենք, ստացվում է՝ իրենց նախագահը քսան հանդիպումներին անլո՞ւրջ բանակցություններ էր վարում։ «Հայաստանը երբեք այդպիսի մոտեցմամբ չի գնում բանակցությունների։ Մենք միշտ բավական կառուցողական ենք տրամադրված, նույն կառուցողական տրամադրվածությամբ էինք գնացել Ժնևի գագաթաժողովին, և նույն կառուցողական տրամադրվածությամբ էինք գնացել վերջին՝ Վիեննայի հանդիպմանը՝ արտգործնախարարների մակարդակով»: