ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ ձնախառն անձրևի տեսքով, իսկ Լոռու մարզի բարձրադիր վայրերում և Գորիս-Կապան ավտոճանապարհին ու Դիլիջանի ոլորաններում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 1 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը: Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով: