ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել իր լիազորությունները` չեղարկելու համար Ադրբեջանին պետական մակարդակով աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ արգելքը: Խոսքն Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղման մասին է, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Այդ դրույթը հաստատվել է Կոնգրեսի կողմից: Գործադիր իշխանությունը պարտավոր չէ նույն քաղաքական գիծը վարել և, ըստ ԱՄՆ սահմանադրության, իրականում հենց նախագահն է որոշում արտաքին քաղաքականությունը: Շատ դեպքերում տարբեր նախագահներ կասեցրել են այս կամ այն դրույթի գործողությունը: Մենք մշտաpես դիտարկում ենք այդ հնարավորությունը՝ որոշելու համար անհրաժեշտ է դա թե ոչ»,- ասել է նա:

Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսում 1992թ-ին և արգելում է կառավարական մակարդակով ԱՄՆ կողմից օժանդակությունը Բաքվին՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով: Ադրբեջանի դիվանագիտական կորպուսը տասնամյակներ շարունակ պայքարում է 907-րդ ուղղումը չեղարկելու համար: