Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիության երկրներին բացատրել Ռուսաստանին, որ վերջինի նկատմամբ ավելի կոշտ միջոցներ կձեռնարկվեն, եթե նա ուժեղացնի միջազգային նավարկության «դե ֆակտո արգելափակումը» Ազովի ծովում։

Եվրամիությունում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չիժովը չի ընդունել Եվրախորհրդարանի դիրքորոշումը՝ դա «կատարյալ անհեթեթություն» անվանելով, և հայտարարել է, որ Մոսկվան «լիարժեք իրավունք ունի» Ազովի ծովում իր գործողություններն իրականացնելու:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները դատապարտել էր Ազովի ծովում և Կերչի նեղուցում միջազգային նավերի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները՝ դրանք որակելով «ոտնձգություն»։ Վաշինգտոնը հայտարարել էր, թե սա ևս մեկ օրինակ է, որ Մոսկվան փորձում է ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայում։

Օգոստոսի 30-ին Պետդեպարտամենտը մեղադրել էր Ռուսաստանին ապրիլից հարյուրավոր առևտրային նավերի տեղաշարժը խափանելու համար։

Պետդեպարտամենտն ասել էր, որ Ռուսաստանի գործողությունները՝ կապված ծովային տարանցումը խոչընդոտելու հետ, Ուկրաինայի ապակայունացմանն ուղղված շարունակական գործողություններ են, ինչպես նաև միջազգային նորմերի անտեսում: