«Քանի որ վարչապետը հենց ինքը խուսափեց անուն տալուց, ես ևս հայտարարություն չեմ անի, որովհետև տվյալների չեմ տիրապետում»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ կաշառքի գործով շուտով պատգամավոր է կալանավորելու։

Նա նշեց, որ թեև վարչապետի պաշտոնակատարը հայտարարում է, որ չի խառնվում դատական համակարգի գործերին, բայց լավ տեղեկացված է բոլոր հանգամանքներից։

«Որևէ պատգամավոր չպիտի մտածի, որ անձեռնմխելիությունով պատսպարված է, որ մանդատով կարող է անօրինական գործունեություն ծավալել։ Ես չեմ ուզում վարկածներ առաջ քաշել, միայն միանշանակ բացառում եմ, որ այդ պատգամավորը Դաշնակցությունից է։ Եթե նման բան մեզ մոտ տեղի ունենար, մենք կիմանայինք, նման բան մեզ մոտ չէր կարող լինել»,- ասաց պատգամավորը։

Դաշնակցական պատգամավորն անդրադարձավ նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի երեկվա այն ակնարկին, որ Հայաստանը կարող է զենք ձեռք բերել նաև ԱՄՆ-ից։ Նա նախ բարձր գնահատեց ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան, այնուհետ նշեց, որ իրենք ժամանակին ասել են՝ Հայաստանը պետք է բոլորի մոտ հասկանալի լինի։

«Մենք պետք է ցույց տանք, որ հայ-ռուսական հարաբերությունները որևէ մեկի դեմ չեն, այլ բխում են մեր կենսական անհրաժեշտությունից։ Զենք պետք է տրամադրվի այնպես, որ բալանսը չխախտվի, այլ խոսքով, Ադրբեջանին ավելի մեծաքանակ զինամթերք չտրամադրվի։ Այսօր արդեն Հայաստանը հետ է ընկել ռազմական զինանոցի կուտակման գործընթացից»,- ասաց Ռուստամյանը։

Անդրադառնալով Ջոն Բոլթոնի՝ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ գնահատականներին՝ ՀՅԴ գործիչը նշեց, որ իշխանությունը կսխալվի, եթե արտաքին ուժերի դրդմամբ իր ունեցած վստահությունը տեղափոխի զիջումային լուծումների դաշտ։

«Այդ իշխանությունը, որը դա չի հասկանա, երկար կյանք չի ունենա»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նպատակով ստորագրահավաքին չմասնակցելու իրենց որոշմանը՝ Ռուստամյանը նշեց, որ թաքուն գործընթացների երբեք չեն գնում, քանի որ իրենց կրեդոն է՝ եթե ճիշտ ես, պետք է ասես այն ճշմարտությունը՝ հանուն հետապնդած նպատակի։ Պատգամավորը շեշտեց, որ երբեք չեն միացել որևէ գործընթացի, որում միասնական որոշում կայացնող կողմ չեն եղել։

«Մենք ստորագրահավաքին չմիացանք, որովհետև մեր երեք առաջարկներից ոչ մեկը չընդունվեց, թող հիմա իրենք ասեն՝ ինչու դրանք անտեսվեցին»,- նշեց խորհրդարանականը։

Խոսելով առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին՝ Արմեն Ռուստամյանը կրկին հիշեցրեց, որ իրենք մասնակցելու են դրանց և անկախ արդյունքներից՝ սրանք լինելու են ուղղորդող ընտրություններ։

«Դաշնակցությունը գերադասում է ընտրություններին մասնակցել առանձին․ Սակայն մինչև այժմ մեզ համար հանելուկ է մնում՝ ինչու հենց դեկտեմբերին, ոչ թե մեկ-երկու ամիս հետո կամ առաջ»,- ասաց դաշնակցական գործիչը։