«Միջազգային կոնվենցիաները սահմանում են, որ հակամարտող երկրներին զենքեր վաճառելը ճիշտ չի համարվում՝ անկախ այն բանից, Ամերիկայի Միացյալ Նահանգնե՞րն են, թե՞ Ռուսաստանի Դաշնությունը»,- ԱԺ ճեպազրույցում ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ լրագրողների խնդրանքով արձագանքելով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ամերիկյան զենքի վերաբերյալ հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Բոլթոնը, խոսելով Ռուսաստանի կողմից՝ Հայաստանին ու Ադրբեջանին զենքի վաճառքի մասին, Երևանում ասել էր՝ ամերիկյան զենքը ռուսականից լավն է, «մենք ամերիկացիներ ենք, մենք հավատում ենք մրցակցությանը»։

Բաղդասարյանի խոսքով, հակամարտող կողմերին զենք վաճառելն ավելի է լարում իրավիճակը, բանակցային փուլը տանում է ավելի մեծ հակամարտության։

«Կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ, նման տիպի հայտարարություններով շահագրգռել, թե ում զինատեսակն է ավելի որակյալ, հզոր ու ուժեղ, մենք չենք գնում պատերազմի, մենք գնում ենք խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորմանը, որը նաև համահունչ է Մինսկի խմբի հայտարարություններին։ Ինձ թվում է, որ իրենք ավելի շատ պետք է ձեռնպահ մնան շահագրգռելու զենք զինամթերքների մասով, պետք է ավելի շուտ գնան խաղաղ կարգավորման ճանապարհով»,- ասաց Բաղդասարյանը։

Իսկ եթե խոսքը վերաբերում է սպառազինությանը, ապա ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով, այստեղ կարևոր է մասնագետների կարծիքը։

Իր նախաձեռնությամբ Բաղդասարյանն անդրադարձավ Բոլթոնի՝ «Հայաստանը պետք է ազատվի պատմության կաղապարներից» հայտարարությանը, նշեց.

«Մենք չունենք պատմության կաղապարներ, մենք ունենք ազգային արժեքներ, անթույլատրելի է դրանցից հրաժարվելը։ Եթե մենք մի փոքր վերծանենք տողատակերը, մեր ավանդական ընտանիքները, մեր տարածքները, պատմական ձեռքբերումները, Արցախյան հարցը ... Դրանք բոլորը պատմություն են։ Պատմությունից, անցյալից հրաժարվելը նշանակում է կասկածի տակ դնել ապագան։ Ինձ թվում է, յուրաքանչյուր ազգ պետք է ապրի իր պատմությունով, պետք է իր պատմությունից դասեր քաղի և կերտի իր ապագան»։