«Բերվել է Ընտրական օրենսգիրք, որը քննարկվել է ԱԺ բոլոր չորս խմբակցությունների հետ, բայց ՀՀԿ-ն որոշեց, որ դեմ է ԸՕ-ին։ Բացի այդ, այն մարդիկ, ովքեր խոստացել էին, որ գալու են մասնակցելու քվեարկությանը, չեկան, հույս ունեմ, որ երկուշաբթի քվեարկությունը կկայանա»,- ԱԺ այսօրվա ճեպազրույցում այսօր ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում վարչապետի չընտրվելու գործընթացին, ապա, նրա խոսքով, ամեն ինչ արվեց օրենքի տառին համապատասխան։ Պատգամավորը հույս հայտնեց, որ Փաշինյանը չի ընտրվի նաև երկրորդ անգամ, և խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի։

Հարցին՝ ինչ են անելու՝ բացառելու շրջանառվող այն տեսակետը, որ «Լույս» դաշինքը իշխանությունների համար «գրպանային ընդդիմություն է» լինելու, Գորգիսյանը նշեց՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ծիծաղը կգա այդ հայտարարության վրա։

«ՀՀԿ-ականներն ամեն ինչ չափում են իրենց արշինով։ Երբեք նման պիտակավորումները չեն կարող աղերս ունենալ իրականության հետ։ Ամեն ինչ միշտ եղել և մնում է բամբասանքների մակարդակում։ Նոր խորհրդարանում չի լինելու այն ընդդիմությունը, որն այժմ կա։ Մենք լինելու ենք այն ուժը, որը փոխզսպելու է իշխանություններին՝ չշեղվելու իրենց որդեգրած սկզբունքներից։ Նոր ԸՕ-ով խորհրդարան կանցնեն չորս ուժեր, «Լույս» դաշինքը գնում է երկրորդը լինելու հեռանկարով»,- ասաց նա։

Հաջորդ՝ ընտրացուցակները մաքրելու վերաբերյալ հարցին ի պատասխան պատգամավորը նկատեց, որ եթե անգամ չհասցնեն մաքրել դրանք, մեծ խնդիր չի տեսնում, ընտրությունների օրն իրավապահներն իրենց տեղում են լինելու, ամեն ինչ լինելու է օրենքի շրջանակներում, կայանալու են արդար ընտրություններ։

Անդրադառնալով ՀՀ արտաքին վեկտորին՝ պատգամավորը նշեց, որ Հայաստանը, պահելով ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունները, պետք է լավ հարաբերություններ ունենա բոլոր մյուս արտաքին խաղացողների հետ։