Ադրբեջանի SOCAR նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևի այցը Վրաստան սկանդալ է առաջացրել։ Վրաստանում SOCAR-ին մեղադրում են նախագահի ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին աջակցելու մեջ։

Meydan TV-ն գրում է, որ Մառնեուլի շրջանում, որտեղ ապրում են շատ էթնիկ ադրբեջանցիներ, Ռովնագ Աբդուլաևին դիմավորել են բողոքի ակցիայով։ Ակցիայի մասնակիցների խոսքերով, SOCAR-ի նախագահը եկել է ընտրությունների նախօրյակին, որպեսզի պաշտպանի «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուին ու բացահայտ կոչ է արել հավաքվածներին քվեարկել Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին։

Նշենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 28-ին։

Խորհրդարանի անդամ Ռոման Գոցիրիձեն կոչ է արել բոյկոտել SOCAR-ին ու հրաժարվել այդ ընկերության վառելիքից։ Նրա խոսքերով, ոչ մեկ իրավունք չունի միջամտել այլ պետության ընտրություններին։

Գոցիրիձեն հայտարարել է, որ իրենց նաև հայտնի է, որ «SOCAR-Georgia»-ն գումարներ է փոխանցել Սալոմե Զուրաբիշվիլիի «սև ընտրական հիմնադրամի» հաշվին։

«Ոչ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ Մոզամբիկն իրավունք չունեն միջամտել մեր ներքին գործերին։ Զբաղվեք ձեր գործերով»,- ասել է Գոցիրիձեն։