ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ վերահաստատեց ՀՀԿ դիրքորոշումն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ՝ ասելով, որ կուսակցությունը դեմ է երկուսին էլ, սակայն վարչապետի՝ երկրորդ փուլով ընտրության ժամանակ թեկնածու ՀՀԿ-ն չի առաջադրի։

«Բայց դա արդեն իսկ կայացած փաստ է, և մենք մեր մոտեցումների մասին լրացուցիչ կհայտարարենք»,- ասաց Բաղդասարյանը։

Վահրամ Բաղդասարյանը նաև նշեց, որ առաջիկա օրերին ՀՀԿ-ն համաժողով կանցկացնի և ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարություն կանի։ Ըստ նրա՝ ՀՀԿ ցուցակի հնգյակը, քառյակը կամ տասնյակը իրնեք չեն քննարկել։ Խմբակցության ղեկավարը չհստակեցրեց, թե հնարավո՞ր է, որ նախընտրական ցուցակը գլխավորի կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը.

«Որևէ բան առայժմ չենք կարող ասել, որովհետև այդ հարցի քննարկումը կանենք առաջիկա օրերին»։

Ըստ նրա՝ միանշանակ ցուցակը լինելու է քաղաքական։

«Մեր մասնակցության դեպքում ցուցակը պետք է լինի քաղաքական ցուցակ, միանշանակ, միայն այդքանը կարող եմ ասել, մեր ցուցակը պետք է լինի ընդդիմությանը հարիր ցուցակ»,- ասաց նա և հավելեց, որ ՀՀԿ-ի նպատակն է խորհրդարանական երկրին հարիր քաղաքական խորհրդարան ձևավորելը։