ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր ասաց․

«Մեր ամբողջ թիմն այստեղ է, դրսից էլ է մարդ եկել, կնոջը թողել է դրսում, որ բոլորը տեսնեն՝ հանրությունն էլ, ժողովուրդն էլ, որ ուրիշի սարքածը մեր վրա չգրեն։ Մեր խոսքը միշտ գործ է եղել, ինչ ասել ենք, դա էլ արել ենք»։

Հարցին՝ ինչ ակնկալիքներ ունի՝ նոր, թե ամեն դեպքում հին Ընտրական օրենսգրքով են գնալու ընտրությունների, նա պատասխանեց.

«Մեզնից ինչ կախված է, ինչ պետք է մեր ժողովրդին, մենք պատրաստ ենք, մեր 31 պատգամավորով այստեղ ենք։ Մենք կատարելու ենք մեր պարտքը, մեր խոստումը»։

Լրագրողները Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է գնահատում ԲՀԿ-ի հնարավորությունները առաջիկա արտահերթ ընտրություններում։

«Իմ շանսերը, մեր շանսերը բոլորը կախված են մեր ժողովրդից, մեր ժողովրդի ցավը տանեմ։ Ոնց կմտածեն, ինչքան կվստահեն, այնքան էլ կտան։ Մենք հետևողական ենք լինելու, ինչ որ ասել ենք, անելու ենք։ Ես նորից եմ ասում՝ մենք քաղաքականությամբ չենք ապրում, որ դրա հաշվին պետք է ապրենք, հեղինակություն, ճանաչում ձեռք բերենք։ Մենք ուզում ենք՝ լավ լինի, մեր հնարավորությունների սահմաններում, մեր ծանոթությունները, մեր կապը դարձնենք իրականություն։ Ես ժողովրդի ծոցից դուրս եկած, սովորական ընտանիքից եմ, բոլորիդ խնդիրները գիտեմ»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։

Հարցին՝ կուսակցության ցուցակն ի՞նքն է գլխավորելու, Գագիկ Ծառուկյանը կեսկատակ ասաց՝ ուզում եք Նապոլեոն Ազիզյա՞նը գլխավորի։

Դիտարկմանը, որ շատերն ասում են՝ ինքը գործարար է, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց.

«Պարոն վարչապետն ասեց, որ Ծառուկյանը մեծ սեփականատեր է, Ծառուկյանն իր գործունեությունը հանձնել է կառավարման։ Եթե ես խանգարում եմ իմ ժողովրդին, վնաս եմ բերում, հրաժարվեմ, հարց չունեմ»։

Նա միաժամանակ չմանրամասնեց՝ ովքեր են լինելու ԲՀԿ նախընտրական ցուցակում՝ հորդորելով սպասել։

«Մենք այսօր գնում ենք ընտրության, ընդդիմություն կլինենք ինչ ասեմ։ Առուն չթռած՝ չես կարող ասել, կգնանք ընտրության, և ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Լրագրողները նաև հարց ուղղեցին՝ մեծ սեփականատիրոջ ինչին է պետք լինել ԱԺ-ում, ինչին ի պատասխան՝ ԲՀԿ ղեկավարը նշեց.

«Եթե Ծառուկյանն այսօր ամեն ինչ ունի՝ կապեր, ծանոթություններ, հնարավորություններ, կարող է ինչ ասես անի իր երկրի, ժողովրդի համար։ Ծառուկյանի չափ անող երկրորդը չկա, որ իր հասանելիքը բոլոր ոլորտներին բաժանի, ոչ թե ձևի համար, այլ մեծ ցանկությամբ, որ կարողանա ինչ-որ ձեռագիր թողնի։ Էսօր մարդու արածը գնահատում է միայն Աստված ու ժողովուրդ։ Ոլորտ չկա, որ Ծառուկյանը չանի, անում է մեծ հաճույքով։ Դաժե մեծահարուստներ կան, որ իրենց բարեկամների հոսանքի գումարը չեն վճարում, բայց Ծառուկյանը չի կարող»։