2018թ-ի առաջին 9 ամսում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 64.1 դրամ, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Նշված գործերից`

- 14.2 մլրդ դրամի պատճառված վնասը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության,

- 8.9 մլրդ դրամը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության,

- 7.4 մլրդ դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության,

- 33.3 մլրդ դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ:

Վերջինի մեջ ընդգրկված է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը 23.5 մլրդ դրամ վնաս հասցնելու փաստով ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրությունների արդյունքում հարուցված քրեական գործով արձանագրված վնասը:

Բացահայտված ընդհանուր վնասից վերականգնվել է 10.5 մլրդ դրամը, իսկ մոտ 6.9 մլրդ դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով:

Բացի այդ, ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքում, բացի պետությանը հանցագործությամբ պատճառված վնասից, պետական բյուջե է վճարվել մոտ 1.7 մլրդ դրամի տույժ-տուգանք: