Երևանի ավագանու արտահերթ նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ելույթում հայտարել է՝ հաստիքացուցակների չփոփոխումն օբյեկտիվ չէ։

«Կան հաստիքներ, որոնք այս պահին անհրաժեշտ է կրճատել»,- ասել է խմբակցության ղեկավար Խաժակյանը։

Նա ներկաներին կոչ արեց քաղաքապետի աշխատակազմը համեմատել վարչապետի աշխատակազմի հետ։

«Քաղաքապետն ունի մեկ առաջին տեղակալ, երեք տեղակալ, վարչապետն ունի երեք տեղակալ։ Հասկանալի է, որ ժամանակին գործել է բոլորովին այլ տրամաբանություն։ Այս թվին մենք գումարում ենք, որը հիմա հաստատում ենք, յոթ խորհրդական և հինգ օգնական։ Անցած մեկ ու կես տարում մենք համոզվեցինք, որ կային տեղակալներ ու խորհրդականներ, որոնք համակարգում էին կոնկրետ ոլորտներ՝ վարչությունների ոլորտները։ Ըստ էության, այդ համակարգումը, կառավարումը տեղի է ունենում միջնորդավորված։ Վարչության պետը որոշում կայացնող չէ, երբ խոսում է կարևոր խնդիրների մասին»,-ասել է Խաժակյանը՝ ընդգծելով, եթե պահպանվում են հաստիքները, ապա պահպանվում է նախորդ տրամաբանությունը։

Հիշեցնենք, որ այսօրվա նիստում ընդգրկված է հաստիքացուցակները, դրույքաչափերն ընդունելու մասին հարցը, ըստ հրապարակված նախագծի, որևէ փոփոխություն չի նախատեսվում։