Հոկտեմբերի 26-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց կլոր սեղան-քննարկում՝ «Ընտրական հանցագործությունների որակումը և քննության առանձնահատկությունները» թեմայով:

Մասնակցում էին ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ: Քննարկման նպատակն էր վերհանել ոչ միայն ընտրական հանցագործությունների որակման և քննության մեթոդիկայի հարցերը և իրականացնել միասնական պրակտիկայի ձևավորմանն ուղղված միջոցառումներ, այլև մշակել քրեական հետապնդման մարմինների միջև արդյունավետ փոխգործակցության ձևեր ու մեթոդներ:

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի խոսքով՝ կլոր սեղան-քննարկումը ՀՀ վարչապետի հանձնարարականով անցկացվող միջոցառումների թվում է:

«Այսօրվա մեր քննարկման նպատակը ընտրական գործընթացների հետ կապված որակման առավել վիճահարույց խնդիրներին անդրադառնալն է, և բոլոր այն դեպքերում, երբ իրավակիրառ պրակտիկայում կարող են առաջ գալ որոշակի խնդիրներ, կփորձենք դրանց լուծումները համատեղ ուժերով գտնել»,- նշել է ռեկտորը:

Քննարկումը վարում էին ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Հասմիկ Ենգոյանը և ԵՊՀ դասախոս, ՀՀ ՀՔԾ իրավական ապահովման բաժնի ղեկավար Սրբուհի Գալյանը:

Նախատեսվում է նույնաբովանդակ քննարկումներ կազմակերպել նաև հետագայում: