ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրվել է վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտնել է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, փոխանցում է Panorama.am-ը․

«Քիչ առաջ առաջադրեցինք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- նշեց նա։

Լենա Նազարյանը նաև հայտնեց, որ վարչապետի թեկնածուի առաջադրման համար ստորագրել են «Ելք» և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև Հանրապետական խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Կնյազ Հասանովը, Շիրակ Թորոսյանը և Արսեն Միխայլովը։

ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ին է, իսկ ընտրության համար ԱԺ նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին ժամը 12:00-ին:

Նշենք, որ փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել էր Հանրապետության վարչապետի երկրորդ ընտրության և Ազգային ժողովի արձակման վերաբերյալ կարգը։

Նա մասնավորապես գրել է.

«Վարչապետի ընտրության 1-ին փուլում քվեարկությունից հետո յոթ օր հետո վարչապետ չընտրվելու դեպքում, իրավունքի ուժով Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում է Ազգային ժողովի արտահերթ ընտրություն։ Վարչապետի 2-րդ ընտրության/քվեարկության արդյունքում (վարչապետ չընտրվելու դեպքում) Ազգային ժողով արձակվում է իրավունքի ուժով, որի մասով Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագիր՝ Ազգային ժողովն արձակելու և դրա արտահերթ ընտրություն նշանակելու մասին»։