Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է ապառազմականացված գոտում Փհանմունջոմում հատուկ կապի միջոցով Հարավային Կորեայի հետ բանակցություններ սկսել, հայտնում է Reuters-ը:

Կապի հատուկ գիծը կբացվի Երևանի ժամանակով 10:30-ից:

Ի դեպ, Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմում Կիմ Չեն Ընի քայլը «զգալի ձեռքբերում» են որակել: «Փյոնչհանում առաջիկա ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները պատրաստ են հյուսիսկորեական նավահանգիստ նավ ուղարկել պատվիրակության տեղափոխման համար, եթե Հյուսիսային Կորեան որոշի միանալ»,- հայտնում է Yonhap գործակալությունը:
Նշվում է, որ նավը կարող է տեղավորել հյուսիսկորեական պատվիրակության մինչև 1000 մարդու: Ըստ որում՝ նավը «մոտ 390 համար» ունի, ուստի Օլիմպիական խաղերի ժամանակ հյուսիսկորեացի մարզիկների համար կարելի է որպես կացարան օգտագործել:

Ավելի վաղ հունվարի 1-ին իր շնորհավորական ուղերձում Կիմ Չեն Ընը հայտարարել էր Հարավային Կորեայում Օլիմպիական խաղերին մասնակցելու Հյուսիսային Կորեայի ցանկության և Սեուլի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին: «Ձմեռային խաղերը, որոնք տեղի են ունենալու Հարավային Կորեայում, երկրի համար լավ իրադարձություն կդառնան»,- ասել է նա: Ըստ որում՝ նա կրկին նշել է, որ Փհենյանը մտադիր չէ հրաժարվելու ազգային միջուկային ուժերից: