«Իրատես»-ը գրում է, որ որոշ պատգամավորներ Փաշինյանի կամ նրա մտերիմների հետ հանդիպումների ժամանակ հարմար առիթը բաց չեն թողնում ասելու, թե ինչպես են գաղտնի պայքար մղել նախկին իշխանությունների դեմ
«Իրատես» թերթը գրում է.
«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց նախընտրական ցուցակում հնարավոր է նաև ՀՀԿ-ականներ լինեն, լուրջ իրարանցում է առաջացրել հանրապետականների շրջանում։
«Մի քանի օրից կարձակվի Ազգային ժողովը, մեկ ամսից էլ ընտրություններ կլինեն, ու որոշ պատգամավորներ շանս չեն ունենա այլևս հայտնվելու խորհրդարանում: Եթե ՀՀԿ-ն ընտրություններին իրապես ռեբրենդիգավորված ցուցակով գնա, ապա մի շարք նախկին ու ավանդական դեմքեր չեն լինի այդ ցուցակում: Վերջիններս էլ, արդեն իսկ զգալով այդ ամենը, իրենց համար այնքան թանկագին պատգամավորական մանդատը փորձում են նոր իշխանությունների միջոցով ստանալ»,- նշել է «Իրատեսի» աղբյուրը:
«Որոշ պատգամավորներ Փաշինյանի կամ նրա մտերիմների հետ հանդիպումների ժամանակ հարմար առիթը բաց չեն թողնում շողոքորթելու ու ասելու, թե ինչպես են գաղտնի պայքար մղել նախկին իշխանությունների դեմ: Հասկացնում են նոր կառավարիչներին, որ այժմ էլ պատրաստ են նրանց կողքին քայլելու, միայն թե ավանդական իրենց մանդատն անսասան մնա: Թե ինչ գնով ու ինչ նախապայմաններով կզարգանա այս ամենը, դեռ հստակ չէ, բայց հասկանալի է, որ նորեկներն այդքան էլ միամիտ չեն»,- անկեղծացավ մեր զրուցակիցը»: