Հաճախ սոցիալական ցանցերի շատ օգտատերեր իրենց էջերում կամ բաց խմբերում հրապարակում են մարդկանց կորած փաստաթղթերը (անձնագիր, նույնականացման քարտ, վարորդական վկայական և այլն)՝ դրանց տնօրինողներին գտնելու նպատակով՝ այդպիսով հանրայնացնելով մարդկանց կարևոր անձնական տվյալները: Ավելին, հրապարակման հեղինակները կոչ են անում նաև տարածել տվյալ հաղորդագրությունը՝ այդպիսով մարդկանց առավել մեծ շրջանակի համար հասանելի դարձնելով փաստաթղթերի տիրոջ անձնական տվյալները: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարությունը։

Հասկանալով նման արարքի դրական միտումը. այն է՝ օգնել մարդկանց գտնել իրենց կորած փաստաթղթերը, այնուամենայնիվ, նախարարությունը կոչ է անում խուսափել նման եղանակով կորած փաստաթղթերը վերադարձնելուց, քանի որ այդպիսով համացանցում տարածվում են մարդու մասին այնպիսի և այնքան տվյալներ, որոնք թույլ են տալիս հեշտորեն նույնականացնել նրա անձը, տվյալներն օգտագործել ոչ իրավաչափ կամ անձի կյանքին միջամտելու նպատակներով (օրինակ՝ ինքնության գողության համար (identity theft, кража личности)): Պետք է հիշել, որ այն, ինչ հրապարակվում է համացանցում, ըստ էության, միշտ մնում է հասանելի:

Վերոնշյալ մտահոգությունը հաշվի առնելով՝ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորհուրդ է տալիս այլ անձանց փաստաթղթեր գտնելու դեպքում դրանք հանձնել համապատասխան պետական մարմիններին, որոնք առավել օպերատիվ և անձնական կյանք նվազ ներխուժող կերպով կկազմակերպեն դրանց վերադարձը հասցեատիրոջը: Օրինակ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ գտնելու դեպքում հանձնեք այն մոտակա ոստիկանական բաժանմունք, վարորդական իրավունքը՝ Ճանապարհային ոստիկանություն և այլն:

Եթե, այնուամենայնիվ, որևէ պատճառով չունեք այլ տարբերակ, քան սոցիալական ցանցի օգնությանը դիմելը, ապա գտնված փաստաթղթերը հրապարակելիս փակեք բոլոր այն տվյալները, առանց որոնց միևնույն է, հնարավոր է գտնել կորած փաստաթղթի տիրոջը: Իսկ փաստաթուղթը վերադարձնելուց հետո հեռացրեք հրապարակումը սոցցանցից: