ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հրամանագիր ստորագրել, որը կբացառի քաղաքացիության շնորհումն ԱՄՆ-ում ծնված երեխաներին: Այդ մասին նա ասել է ամերիկյան Axios ինտերնետ ռեսուրսին:

«Ինչ անհեթեթություն՝ մենք միակ երկիրն ենք աշխարհում, ուր մարդիկ գալիս են, երեխա են ունենում և այդ երեխան փաստացի դառնում է ԱՄՆ քաղաքացի: Դա անհեթեթ է և դրան պետք է վերջ դրվի»,- ասել է Թրամփը:

Նա նշել է, որ այդ դրույթը չեղարկելու համար ինքը ստիպված չի լինելու փոփոխություն կատարել սահմանադրության մեջ՝ բավական կլինի միայն հրամանագիր ստորագրել: Այն հարցին, թե քննարկել է նա արդյոք այդ հարցը խորհրդականների հետ, Թրամփը դրական պատասխան է տվել:

«Հրամանագիրը մշակման փուլում է: Մենք ընդունելու ենք այն»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Ըստ ԱՄՆ սահմանադրության 14-րդ փոփոխության, ԱՄՆ-ում ծնված բոլոր անձինք ԱՄՆ և իրենց բնակության նահանգի քաղաքացիներ են հանդիսանում: Bloomberg-ը նշում է, որ նախագահի այն նկատառումը, որ ԱՄՆ-ն միակ այդպիսի երկիրն է, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ այդպիսի օրենք չկա Եվրոպայում, բայց գործում է Կանադայում, Մեքսիկայում, Բրազիլիայում և Արգենտինայում: Թրամփն օտարերկրացիներին ավտոմատ կարգով քաղաքացիություն շնորհելուն դեմ էր արտահայտվում դեռևս նախընտրական շրջանում: Այն ժամանակ նա Twitter-ում գրել էր, որ ԱՄՆ-ում ամեն տարի ծնվող երեխաների 7,5%-ը կամ 300.000-ն ապօրինի ներգաղթյալների երեխաներ են՝ դա անվանելով «խենթություն»:

«Դրան պետք է վերջ տրվի: Անթույլատրելի է և սխալ»,- ասել է նա: