ՀՀ մշակույթի նախարարությունը հանրային քննարկում է նախաձեռնել՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի պատվին վերանվանելու թեմայով:

Այդ հարցի շուրջ կարծիք հայտնելու ցանկություն ունեցողները կարող են մինչև նոյեմբերի 5-ը լրացնել համապատասխան հայտաձևը:

Ինչպես նշվում է մշակույթի նախարարության կայքում, կարելի է հայտաձևի միջոցով նախապես կարծիքն ուղարկել նախարարություն՝ լրացնելով «տալ կարծիք» դաշտը:

Քննարկման օրվա, ժամի և վայրի մասին կհայտարարվի լրացուցիչ դիմումների ժամկետի ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, որ լեգենդար շանսոնյեն Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Ազնավուրը, ով վերջերս էր վերադարձել Ճապոնիայում համերգային շրջագայությունից, մահացել է իր տանը՝ Ֆրանսիայում:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։