Թմրամիջոցների մաքսանենգության մեծ խմբաքանակ է հայտնաբերվել
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից 2018թ-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին հայտնաբերել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: Այդ մասին հայտնել է Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը:
Նա նշել է, որ հայտնաբերվել են զենք-զինամթերքի և թմրանյութերի մաքսանենգության դեպքեր, որոնցից ամենաուշագրավը՝ սոցիալական կայքերով թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբն էր. հայտնաբերվել է մոտ 600 գրամ հաշիշ և 20 գրամ ՄԴՄԱ տեսակի թմրանյութ:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները կողմից 2018թ-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին կանխվել է մաքսային իրավախախտման 126 փորձ, որոնցից 70-ով հարուցվել է քրեական գործ:
«Մաքսանենգները փորձել են Հայաստան ներկրել ավելի քան 4 կգ կոկաին, 2 կգ ափիոն, 4 կգ մարիխուանա, 3 գր «մեթադոն», մոտ 0.5 կգ հերոին տեսակի թմրանյութ, ինչպես նաև 6 գր հաշիշ, հաշիշի յուղի պարունակությամբ 290 հատ էլեկտրոնային սիգարետ և թմրամիջոցի պարունակությամբ քաղցրավենիք: Հաշվետու ժամանակահատվածում կանխվել են նաև մոտ 8գ ափիոնի և ավելի քան 13 կգ «մետամֆետամին» տեսակի թմրանյութերի արտահանման փորձեր»,- ասել է նա:
Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը հիմնականում հայտնաբերվել են փոստային առաքանիներում: ԱՄՆ-ից փորձ է արվել ներմուծել «հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց պարունակող էլեկտրոնային սիգարետներ, իսկ Եվրոպայից՝ հոգեմետ նյութ և թմրանյութ պարունակող դեղահաբեր:
«Հաշվետու ժամանակահատվածում փոստային ծանրոցներում հայտնաբերվել է ավելի քան 22 կգ դեղորայք, որոնցից 3 000 դեղահաբը՝ թմրանյութի և հոգեմետ նյութի պարունակությամբ: Ի դեպ, փոստային առաքանիներով չի թույլատրվում տեղափոխել ոչ մի տեսակի դեղորայք»,- հիշեցրել է Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետը՝ հորդորելով զերծ մնալ նմանատիպ պարունակությամբ ծանրոցներ Հայաստան առաքելուց և այդ մասին տեղեկացնել արտերկրում բնակվող բարեկամներին:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության ենթակայությամբ արդեն գործում է Ներքին անվտանգության վարչության կինոլոգիական կենտրոնը: Կենտրոնի 15 շներից՝ 9-ը մասնագիտացված են թմրանյութերի և հոգեմետ դեղորայքի, 1-ը՝ զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի հայտնաբերման ուղղությամբ, իսկ 5-ը գտնվում են ընդհանուր վարժեցման փուլում:
Շների օգնությամբ բացահայտվել են թմրանյութի մաքսանենգության մի շարք դեպքեր, որոնցից խոշորը՝ 8 կգ ափիոնի՝ Մեծ Բրիտանիա արտահանման փորձի կանխումն է:
Միջազգային համագործակցության բնագավառում Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2018թ-ի 10 ամիսների ընթացքում ակտիվ համագործակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության, RILO իրավապահ գծով տարածաշրջանային կապի հանգույցի, ԱՊՀ անդամ-երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի և այլ կառույցների հետ: Չեխիայի Հանրապետության մաքսային գլխավոր տնօրինության հետ ձեռք բերված գործակցության արդյունքում նոյեմբերին Պրահայում նախատեսվում է շնագիտական բաժնի կինոլոգների վերապատրաստում և ուսուցման դասընթացներ: