ԵԼՔ դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանը հայտարարել է կուսակցությունը լքելու մասին։

Ֆեյսբուքյան իր էջում Կոնջորյանը նշել է, որ որոշումը պայմանավորված է կուսակցության ապագա գործունեության շուրջ իր ունեցած մոտեցումների տարբերությամբ:

«Հավատում եմ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը մեր պայծառ ապագայի գլխավոր շանսն է: Ես գիտեմ, որ անցյալի ուրվականը դեռ թափառում է Հայաստանում: Ես համոզված եմ, որ ապագայի և անցյալի կռվում պիտի կանգնել հեղափոխության կողքին ուղղակիորեն, անմիջականորեն, ուս-ուսի տված: Ուստի, ես իմ ուղղակի և անվերապահ աջակցությունն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին և հեղափոխությանը Հայաստանի համար այս բախտորոշ ժամանակներում և իմ քաղաքական գործունեությունը իրականացնելու եմ հեղափոխության թիմի հետ միասին, որովհետև մեր պետության նավը դուրս է եկել ծով, որը լի է փոթորիկներով և ծովահեններով, իսկ առագաստը պիտի պահել ամուր, որովհետև նավը պիտի հասնի մեր երազանքների ափին», - նշել է նա:

Նոյեմբերի 1-ին ԱԺ-ն քվեարկելու է վարչապետ ընտրել-չընտրելու հարցով, միակ թեկնածուն վարչապետի գործող պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է։ Չընտրվելու դեպքում ԱԺ-ն արձակվելու է օրենքի ուժով, ինչից հետո արտահերթ ընտրություններ են նշանակվելու։