ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով որևէ կերպ չաջակցել նոյեմբերի 15-18-ը Երևանում կայանալիք քրիստոնյա միասեռականների համաժողովին:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Ելնելով այն իրողությունից, որ ազգային միջավայրը, արժեհամակարգը, բարոյական ընկալումները և նորմերը հանդիսանում են մեր ինքնությունը պայմանավորող հիմքերը, որ Ազգային ավանդական ընտանիքի մոդելը հայ ազգի հարատևությունը երաշխավորող անսակարկելի արժեք է, որի հանդեպ ոտնձգությունը ազգային անվտանգության խնդիր է՝ անընդունելի ենք համարում համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ազատությունների քողի տակ ազգային ինքնության հիմքերը խարխլող երևույթների ուղղակի կամ անուղղակի քարոզչությունը:

Չենք կարող անարձագանք թողնել վերջին շրջանում մեր իրականության մեջ հաճախ հանդիպող իրողությունները, որոնք անխուսափելիորեն բացասական ազդեցությունն են թողնելու հայ հասարակության վրա: Հարգելով ցանկացած անհատի իրավունքներն ու ազատությունները՝ այնուամենայնիվ կարծում ենք, որ մեր հասարակությանը խորթ արժեքների քարոզը հղի է անկանխատեսելի վտանգներով և կարող է դիտվել որպես սադրանք՝ ավանդական արժեքների վրա հիմնված հասարակության նկատմամբ»:

Հաշվի առնելով վերոհիշյալը, կոչ է անում որևէ կերպ չաջակցել նոյեմբերի 15-18-ը կայանալիք ֆորումին, իսկ ՀՀ իրավապահ մարմիններին կոչ է անում, հատուկ զգոնություն ցուցաբերել նախատեսվող ֆորումի օրերին և չտրվելով սադրանքներին՝ կանխել անհանդուրժողականության և մարդու իրավունքների խախտման ցանկացած դրսևորում:

«Բոլոր կողմերին կոչ ենք անում ցուցաբերել խոհեմություն և գործել ի նպաստ հայ հասարակության և Հայաստանի շահերի»,- ասվում է հայտարարության մեջ:

Նոյեմբերին Երևանում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորում է անցկացվելու, ինչը առաջացրել է որոշ շրջանակների հակազդեցությունը։ Թեման բուռն քննարկվում է համացանցում ու անգամ Ազգային ժողովում։