Հոկտեմբերի 31-ին անցկացվեց «Վատ վերաբերմունքի արգելքը» Եվրոպայի խորհրդի (ԵԽ) HELP ծրագրի (Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար) հեռավար ուսուցման դասընթացի ներածական հանդիպումը: Ողջույնի խոսքով հանդես եկան Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, ԵԽ HELP ծրագրի ղեկավար Աննա Մեդարսկա-Լազովան: Մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Նատալյա Վուտովան հատուկ ընդգծեց HELP ծրագրի կարևորությունը և երախտագիտություն հայտնեց Արդարադատության ակադեմիային, նաև փորձագետներ Էրիկ Սվանիձեին և Գոհար Սիմոնյանին ծավալուն և չափազանց կարևոր աշխատանքի համար:

Արդարադատության ակադեմիայի անունից ներկաներին ողջունեց Անահիտ Մանասյանը:

«ԵԽ-ի հետ համագործակցության շնորհիվ այս տարիների ընթացքում հնարավորություն ենք ունեցել մի շարք դասընթացներ ադապտացնել ՀՀ օրենսդրությանը, դրանք մասնավորապես վերաբերել են ինչպես ապացույցների թույլատրելիությանը քրեական դատավարությունում, այնպես էլ ընտանեկան բռնությանը, կանանց նկատմամբ բռնությանը և այս դեպքում՝ վատ վերաբերմունքի արգելքին: Սա կարևոր ենք համարում, որովհետև նմանատիպ դասընթացները հնարավորություն են տալիս հեռավար հարթակում առանցքային հարցերի առնչությամբ քննարկումներ կազմակերպել, հարցերի պատասխաններ գտնել»,-նշեց պրոռեկտորը և շնորհակալություն հայտնեց փորձագետներին, նաև ԵԽ-ին ակտիվ և արդյունավետ համագործակցության համար:

Աննա Մեդարսկա-Լազովան մասնակիցներին ներկայացրեց HELP ծրագիրը և դրա առանձնահատկությունները:

Դասընթացի հեղինակ Էրիկ Սվանիձեն ներկայացրեց ՄԻԵԿ 3-րդ հոդվածով նախատեսված վատ վերաբերմունքի դեպքերի արդյունավետ քննության հիմնական սկզբունքները, իսկ դասընթացավար Գոհար Սիմոնյանը՝ նոր մշակված դասընթացը, ուսուցման նպատակները, գնահատման չափանիշները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դասընթացին առնչվող գործնական այլ հարցեր:

Հանդիպումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի շրջանակում: Ծրագրի այս մասը իրականացվում է ԵՄ-ի և ԵԽ-ի կողմից «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում: