Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթության այլընտրանքային և ծախսարդյունավետ մոդելներ են ներդրվելու: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծով առաջարկվում է 5 տարբեր մոդել։

Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների ազդեցության հետևանքով Հայաստանի նախադպրոցական համակարգը հայտնվել է անբարենպաստ պայմաններում, ինչի արդյունքում կրճատվել են նախադպրոցական հաստատությունների թիվը, գործող հաստատությունների կարողությունները, նվազել է դրանցում երեխաների ընդգրկվածությունը: Նախադպրոցական հաստատություններ համայնքային ենթակայության են և դրանց գործունեության հետ կապված ցանկացած խնդիր անմիջականորեն աղերսվում է տվյալ համայնքի բյուջետային միջոցների հետ: Արդյունքում անհավասար պայմաններ են ստեղծվում նախադպրոցական տարիքի երեխաների միջև:

Կրթության և գիտության նախարարությունը՝ ուսումնասիրելով վերջին տարիներին գործընկեր կազմակերպությունների կողմից ձեռնարկված միջոցառումները՝ առաջարկում է ծախսարդյունավետ մոդելներ, որոնց ներդրման արդյունքում հնարավոր է ընդլայնել նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածությունը, ինչպես նաև արդյունավետ մեխանիզմներ կիրառել կառավարման մեջ: