«Փաստ» թերթը գրում է.

«Քաղաքական ուժերն ինտենսիվորեն պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ցուցակներ են կազմում, բանակցություններ են վարում անհատների և այլ կուսակցությունների հետ, ուսումնասիրություններ են անցկացնում՝ հասկանալու ընտրողների իրական տրամադրությունները: Որոշ տեղեկություններով, բավական բարդ կացության մեջ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մի կողմից, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, ՔՊ-ի ցուցակ մտնելու համար լուրջ հերթեր են, ոմանք ջանքեր են գործադրում վարչապետի մոտ իրենց լոբբինգն իրականացնելու, մյուս կողմից, սակայն, խնդիր է դրված այնպիսի անձանց ընդգրկել ցուցակի վերնամաս, որոնք իրենց խոսքերով ու պահվածքով առկա վարկանիշային կապիտալը կարճ ժամկետում չտապալեն: Պակաս կարևոր չէ նաև վարկանիշային ընտրակարգի գործոնը, քանի որ ինչքան էլ Փաշինյանի «համապետական» հեղինակությունը մեծ է, դժվար է ունենալ 100-ից ավելի չվարկաբեկված թեկնածուների, որոնք Փաշինյանի անունից զատ նաև սեփական հեղինակությունն ունեն:

Աղբյուրները պնդում են, որ խորհրդարանական ընտրությունների միջոցով որոշակի փոփոխություններ կարվեն նաև պաշտոնատար անձանց շրջանում, այսինքն՝ ոմանք կտեղափոխվեն ԱԺ: Ի մասնավորի, պատգամավորական մանդատ կստանան Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը»: