Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարիչ հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարություն է տարածել կառավարության «Երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ հեղինակները չեն տիրապետում համապատասխան տեղեկատվության:

Ընկերությունը նախագծի որոշ դրույթները գնահատում է՝ որպես իրականությանը չհամապատասխանող։

ՀԿԵ-ն հայտնում է, որ փաստաթղթի մշակման ընթացքում այն չի քննարկվել և չի համաձայնեցվել ընկերության հետ, որն առավել լիարժեք տիրապետում է այդ նեղ մասնագիտական ոլորտին վերաբերվող ամբողջ տեղեկատվությանը։

«Դատելով փաստաթղթի տեքստից՝ այն կազմողները չեն տիրապետում ոլորտում ներկա պահին տիրող իրավիճակի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության։ Արդյունքում աշխատանքային փաստաթղթում տեղ են գտել դրույթներ և գնահատականներ, որոնք չեն արտացոլում ընթացիկ իրավիճակը և հակասում են կոնցեսիոն պայմանագրի որոշ դրույթներին, որոնց հիման վրա գործում է Հարավկովկասյան երկաթուղին։

Գնահատելով երկաթուղային ենթակառուցվածքի ընթացիկ իրավիճակը, փաստաթղթի հեղինակները որպես հիմք են ընդունել 2008թ-ի իրողությունները, երբ ՀԿԵ-ն դեռ նոր էր ստանձնել Հայկական երկաթուղու ակտիվների կառավարումը։ Հայաստանի կառավարության 2006թ-ի հոկտեմբերի 12-ի N-1497 որոշումը մանրամասն նկարագրում է, մեղմ ասած, տխուր իրավիճակն այդ ոլորտում, երբ Հայկական երկաթուղու հետաձգված ներդրումների ծավալը կազմում էր 112,5 միլիոն դոլար:

Մինչդեռ Հարավկովկասյան երկաթուղին 2008թ-ից երկաթուղային ենթակառուցվածքի վերակառուցմանը և արդիականացմանը, շարժակազմի թարմացմանը և Գյումրիում ու Երևանում լոկոմոտիվային և վագոնային դեպոներում ժամանակակից մեքենաշինական համալիրների ձևավորմանն արդեն իսկ ներդրել է 110 միլիարդ դրամ։ Մասնավորապես վերանորոգվել է 463 կմ երկաթուղային գծեր և 40 կամուրջ: Բացի դրանից արդեն իսկ սկսվել է մերձքաղաքային ուղևորատար էլեկտրագնացքների շարժակազմի թարմացման ծրագրի իրականացումը, որը կավարտվի 2020-ական թթ-ին: Երևան - Գյումրի երթուղում գործարկվել է նոր ժամանակակից էլեկտրագնացք։ Միաժամանակ մշակվում է շարժակազմի նորացման ներդրումային համալիր ծրագիր»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ արդյունքում ՀԿԵ-ի տասնամյա գործունեության ընթացքում անվտանգության մակարդակը բնորոշող տրանսպորտային պատահարների թիվը երկաթուղում նվազել է 6 անգամ, էներգամատակարարման տեխնիկական միջոցների խափանումը՝ 4 անգամ, երկաթուղային ավտոմատիկայի տեխնիկական միջոցների խափանումը՝ 10 անգամ։ Գնացքների միջին արագությունը 25կմ/ժ-ից ավելացել է 60կմ/ժ, իսկ որոշ տեղամասերում՝ մինչև 100կմ/ժ, վերակառուցվել է 8 խոշոր կայարանային համալիր, աշխատանքի արտադրողականությունը ավելացել է 46%, ներդրվել են մինչ այդ Հայաստանում չoգտագործվող նոր տեխնոլոգիաներ:

«Այդ միջոցառումների համալիրը թույլ է տվել մի քանի անգամ նվազեցնել վթարների թիվը: Օրինակ, եթե 2008թ-ին, երբ ՀԿԵ-ն դեռ նոր էր սկսել իր աշխատանքը Հայաստանում, գրանցվել է գնացքների գծերից դուրս գալու 151 դեպք, ապա 2017թ․-ին՝ ընդամենը 1 դեպք, այն էլ ոչ ընկերության աշխատակիցների մեղքով»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային ոլորտի պահպանման և զարգացման համար պատասխանատու ընկերություն, շարունակելու է կատարել պետության առջև ստանձնած պարտականությունները և պատրաստ է այդ ոլորտում համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։