«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները կենտրոնական Աֆղանստանում կառավարական ռազմաբազա են գրավել, հայտնում է Pajhwok գործակալությունը:

Ուրուզգան նահանգի կենտրոն Թարինքոթի ծայրամասում գտնվող ռազմաբազան գրավելու մասին տեղեկությունը հաստատել են նահանգային խորհրդից, ինչպես նաև երկրի պաշտպանության նախարարությունից: Կողմերի կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

«Թալիբանի» ներկայացուցիչները, միաժամանակ, լրատվամիջոցներին հայտնել են, որ նախօրեին երեկոյան ռազմաբազան գրավելիս սպանվել 10 զինվոր և 13-ին պատանդ են վերցրել:

Սա կառավարական ուժերի երկրորդ բազան է, որը մեկ շաբաթվա ընթացքում գրոհայինները գրավում են: Ուրբաթ գիշերը գրոհայինների վերահսկողության ներքո էր անցել հանրային անվտանգության ոստիկանական ստորաբաժանման առանցքային բազան, որը տեղակայված է Շերին Թաղաբ և Դավլաթաբադ նահանգների միջև:

Գրոհայինները 17 ոստիկանի, 4 տանկ, 2 հրթիռային կայանք, հրազեն և զինամթերք էին գրավել Փուլ-ի-Աչա բազայում: Հարձակվողները ևս կորուստներ էին ունեցել, բախումների ժամանակ սպանվել էր 10-ից ավելի գրոհային: