Այս օրերին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ընթանում «Յուրի Հայրապետյան-85» միջազգային երաժշտական փառատոնը՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, հանրահայտ դաշնակահար և մանկավարժ Յուրի Հայրապետյանին։ «Յուրի Հայրապետյան-85» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել է «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան։

Փառատոնի հանդիսավոր բացումը կայացել է նոյեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և արտերկրից ժամանած երաժիշտ-կատարողների մասնակցությամբ:

Նոյեմբերի 4-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում կայացել է երաժշտական սեմինար՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Հայրապետյանի կատարողական և մանկավարժական գործունեությանը: Սեմինարի ղեկավար՝ արվեստագիտության դոկտոր Իրինա Զոլոտովա: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանի մենահամերգը:

Նոյեմբերի 5-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, մանկավարժ Յուրի Հայրապետյանի սաների համերգը:

Փառատոնի փակման հանդիսավոր համերգը տեղի կունենա նոյեմբերի 6-ին, Ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ թատրոնի նվագախմբի մասնակցությամբ (տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյան): Համերգի հատուկ հյուրն է աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:

Նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, իսկ ժամը 15:00-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական դպրոցում Յուրի Հայրապետյանը կանցկացնի վարպետության դասեր:

Հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստան կժամանեն երաժիշտներ՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Հունաստանից: