Նոյեմբերի 5-ին` այսօր ժամը 15:00-17:30, Լոռու մարզի Դեբետ համայնքի «Քոաֆ Սմարթ» կենտրոնում կմեկնարկի «Ռուս նկարիչները և Փարիզը» խորագրով կրթական ծրագիրը և լինոգրավյուրայի վարպետության դաս:

Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) նախաձեռնությամբ, «Ռոստելեկոմ» Հայաստանի հովանավորությամբ և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) աջակցությամբ անցկացվող այս ծրագիրը նվիրվում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Ծրագրի նպատակն է զարգացնել թանգարան-համայնք համագործակցությունը, ինտերակտիվ դասախոսության և լինոգրավյուրայի վարպետության դասի միջոցով երեխաներին ծանոթացնել Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի համաշխարհային անուն ունեցող հեղինակների հետ:

Ծրագրային այս համագործակցությունը նպատակ ունի նաև աշակերտների շրջանում հետաքրքրություն առաջացնել թանգարանային մշակույթի և արվեստի նկատմամբ: Լինոգրավյուրայի վարպետության դասը կվարի արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանը:

Ծրագրին կմասնակցեն Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի և «Քոաֆ Սմարթ» կենտրոնի նկարչության խմբակների սաները։ Որպես երկրորդ փուլ՝ նախատեսվում է մասնակիցների ճանաչողական այց Երևանի Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու):