Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծով, Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցները կազատվեն ավելացված արժեքի հարկից, եթե դրանք ներմուծման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում չարտահանվեն՝ այդ թվում նաև՝ ԵՏՄ անդամ պետություններ: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Օրենքը, ընդունվելու դեպքում, ուժի մեջ կմտնի 2019թ-ի հուլիսի 1-ից և կգործի մինչև 2030թ-ի դեկտեմբերի 31-ը:

Նշվում է, որ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված՝ էլեկտրամոբիլների կիրառումը խթանելու հետ։

Հայաստանում հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկի գծով սահմանված է արտոնություն։ ՀՀ հարկային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները, այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով, ազատվում են մթնոլորտային օդ վնասակարն նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկից։ Իսկ Երևան քաղաքի ավագանու 2017թ-ի փետրվարի 14-ի N675-Ն որոշմամբ՝ որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերերին տրամադրվել է արտոնություն՝ ազատելով ավտոկայանատեղի համար սահմանված տեղական վճարից։ Մինչդեռ նշված արտոնությունները գործնականում չեն խրախուսում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը ՀՀ-ում։

ԱԱՀ-ի գծով արտոնությունները կիրառվում են մի շարք եվրոպական երկրներում։ Մի քանի երկրներում դա խթանման միակ մեթոդն է, կամ կիրառվում է ձեռքբերման սուբսիդավորման հետ զուգահեռ։ ԱԱՀ արտոնության տրամադրումն ամենաարդյունավետն է, հաշվի առնելով, որ նման արտոնություն կիրառող երկրները առաջատարներն են էլեկտրամոբիլների տեսակարար կշռով։