«ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքը մտել է բավական ինտենսիվ փուլ և առաջիկայում այս գործընթացը բոլոր դերակատարներից կպահանջի թիրախավորված աշխատանք և մոտեցումներ»,- այս մասին այսօր խորհրդարանում ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը՝ ներկայացնելով ՀՀ-Եմ հարաբերությունները։

Նա ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում անկյունադարձային իրադարձություն հանդիսացավ ապրիլին Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագրի վավերացումը մեր Ազգային ժողովի կողմից։

«Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, որ ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնեն։

Մինչև օրս այն վավերացրել են Բալթյան երկրները, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Ռումինիան, և մի շարք այլ երկրներ, որոնք մասամբ են իրականացրել, սակայն սպասվում է ամբողջական վավերացման գործընթաց մոտ ժամանակներս»,- մանրամասնեց փոխնախարարի պաշտոնակատարը։