Այսօր Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր առաջին մամուլի ասուլիսը սկսել է հետևյալ հարցադրումով՝ «Ամենակարևոր խնդիրներից մեկը՝ վերջնականապես ճշտել գլխավոր ճարտարապետի դերը»։

Մեսչյանի խոսքով՝ ամեն մի քաղաքապետի ժամանակ գլխավոր ճարտարապետի իրավասությունները կարվում էին ըստ քաղաքապետի քմահաճույքի։

«Այ սա լուրջ է և իմ ամենակարևոր աշխատանքներից մեկը նա է լինելու, որ վերջնականապես ճշտվի գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, որպեսզի չանձնավորվի, որպեսզի վաղը, եթե իմ փոխարեն դուք հանդիպեք ուրիշ գլխավոր ճարտարապետի հետ, նա արդեն աշխատի որոշակի մշակված գործառույթով։ Գլխավոր ճարտարապետը պետք է ունենա որոշակի գործիքակազմ, որպեսզի կարողանա լիակատար աշխատի։ Մինչև այսօր, ցավոք սրտի, այդ ամենը մի փոքր տարօրինակ վիճակի մեջ էր»,- ասել է ճարտարապետը։

Մեսչյանը նշել է, որ գլխավոր ճարտարապետին անհրաժեշտ ամենակարևոր գործիքներից մեկը քաղաքային ճարտարապետությունը կարգավորելն է, որը, ըստ նրա, գրեթե բացակայում էր։

«Բոլոր բաժինները կային, և վերահսկողության, և քաղաքաշինության, տարբեր-տարբեր գերատեսչություններ, որոնք զբաղվում էին քաղաքային քաղաքականությամբ, այ հիմա եկավ ժամանակը, որ այդ ամենը ժողղվեն միասին, և ստեղծվի մի սիստեմ, որ բոլոր աշխատեն միասին։ Այդ պուճախային աշխատանքին եկավ վերջ, էլ ոչ մեկն առանձին-առանձին, ամեն մեկն իր քմահաճույքով, իր անձնական շահերից ելնելով գործառույթ չի ունենալու, համենայն դեպս այնքան ժամանակ, որքան ես ստանձնել եմ այս պատասխանատվությունը»,- հավելել է նա։

Ըստ Մեսչյանի, Երևանի մեծագույն պրոբլեմը ապօրինի շինություններն ու հողազավթումն է։

«Երբ ապօրինի շինարարություն կատարողը կամ հողազավթողը գիտի, որ հետագայում կարող է օրինականացնել այդ ամենը, բնականաբար դա բերում է նրան, որ կատարում է այն, ինչ որ տեսնում եք ամեն օր։ Ապօրինի շինարարությանը վերջ, հողազավթմանը վերջ, չի լինելու օրինականացում, մի ստեղծեք ձեզ համար խնդիրներ։ Դրա փոխարեն ես ձեզ խոստանում եմ՝ եթե որոշեք կատարել ձեր շինարարական ծրագրերն օրինական ճանապարհով, բոլոր հնարավորություններով մենք կաշխատենք հեշտացնել ձեր կյանքը։ Նրանք, ովքեր այսօր պատրաստվում են կատարել ապօրինի շինարարություն, մի արեք, ունենալու եք լուրջ պրոբլեմներ, խոստանում եմ ձեզ»։

Երևանի գլխավոր ճարտարապետը նշեց, որ իրենց բավականին հետաքրքիր ժառանգություն է հասել, տրվել են այնպիսի ճարտարապետական նախագծերի թույլտվություններ, որոնք ուղղակի ապշեցուցիչ են։

«Խնդիրն այն է, որ ես այսօր իրավասություն չունեմ արդեն հաստատված նախագծերն օրենսդրական դաշտով հետ բերել, դա սարսափելի դժվար, բավականին մեծ դատական խնդիրների հետ կապված աշխատանք է, բայց ես հանդիպում եմ կառուցապատողների, ճարտարապետների հետ և փորձում եմ բերել ինչ-որ մի տրամաբանական սահմանի, ոնց որ թե ստացվում է։ Համենայն դեպս մի քանի ագրեսիվ շինարարության հետ կապված ես կարողացա գալ ինչ-որ լուծման»։