Նոյեմբերի 3-ին Արդարադատության ակադեմիայում տեղի է ունեցել Ակադեմիայի 2018թ-ի ունկնդիր-շրջանավարտների՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Մինչ դիպլոմների հանձնումը՝ ունկնդիրներին ողջունեց և ջերմորեն շնորհավորեց ռեկտոր Սերգեյ Առաքելյանը․

«Ցանկացած կրթական կառույցի գնահատման չափանիշն իր շրջանավարտների դրսևորած ձեռքբերումներն են աշխատանքային գործունեության ընթացքում: Այդ առումով ես լիահույս եմ և բավարար հիմքեր ունեմ հիմա բարձրաձայնելու, որ Ակադեմիայի պատիվը բարձր եք պահելու: Վստահ եմ՝ սիրելով եք ընտրել այս մասնագիտությունը: Մաղթում եմ, որ ձեր սիրած գործով զբաղվելուց բացի, ձեր կատարած աշխատանքից հաճույք ստանաք՝ անկախ ծանրաբեռնվածությունից և աշխատանքային բարդություններից»,- նշել է ռեկտորը:

Կառավարման խորհրդի անդամ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը ևս շնորհավորել է շրջանավարտներին մասնագիտական պատրաստումը բարեհաջող ավարտելու կապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթել:

Ռեկտորը դիպլոմներ հանձնել է Ակադեմիայի հերթական սերնդի շրջանավարտներին՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 14 ունկնդրի, որոնցից 1-ը Արցախից է: Սահմանված կարգով՝ ուսումնառությունը տևել է 7 և կես ամիս՝ 2018թ-ի փետրվարի 26-ից հոկտեմբերի 12-ը, ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը: