Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում՝ Հովհաննես Զարդարյանի «Ակունք» ցուցահանդեսի սրահում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել երկու նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:

«Հայփոստ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ նամականիշերն ունեն 170 և 230 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշերը տպագրված են Կանադայի «Lowe Martin Group» տպագրատանը` յուրաքանչյուրը 30 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

170 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Զարդարյանի «Գարուն» կտավը, իսկ 230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է Հովհաննես Զարդարյանի լուսանկարը՝ իր «Ձմեռային բնանկար» կտավի խորապատկերին:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Թողարկման օրը` 06 նոյեմբերի 2018թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Lowe Martin Group, Կանադա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Տպաքանակը՝ 30 000 հ. x 2