Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն հանվել է այն քաղաքների ցուցակից, որոնց հետ օդային հաղորդակցությունը փակված է, հաղորդում է Kommersant.ru-ն:

Համապատասխան փոփոխություններ են կատարվել 2015 թ. նոյեմբերի 9-ի «Ազգային անվտանգության ապահովման առանձին միջոցառումների մասին» հրամանագրում, որը արգելել էր ռուսական ինքնաթիռների ցանկացած թռիչք Եգիպտոս:

Ռուսաստանն ընդհատել է օդային հաղորդակցությունը Եգիպտոսի հետ 2015 թ. նոյեմբերին Սինայի վրա «Կոգալիմավիա» ավիաընկերության Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող ինքնաթիռի վթարից հետո: Ինքնաթիռում եղել են 217 ռուս զբոսաշրջիկ և անձնակազմի 7 անդամ: Բոլորը զոհվել էին: Հետագայում Անվտանգության դաշնային ծառայությունը միջադեպը որակել էր որպես ահաբեկչական գործողություն: Վթարի պատճառները պարզելու աշխատանքները շարունակվում են առ այսօր:

Եգիպտոսի ավիացիայի նախարարը հայտարարել է, որ Մոսկվայի և Կահիրեի միջև թռիչքները կբացվեն փետրվարի 1-ից, իսկ կողմերը կվերսկսեն չվերթները ապրիլից: