Իսրայելի խորհրդարանը (Կնեսեթ) նախնական ընթերցմամբ ընդունել է ահաբեկիչների մահապատժի մասին օրինագիծը։

«Ահաբեկչական գործողությունների համար պատասխանատուները կդատապարտվեն մահվան: Մահվան դատավճիռ կայացնելու համար յուրաքանչյուր դատական ատյանի 3 դատավորներից երկուսի կարծիքը բավարար կլինի»,-նշված է Կնեսեթի կայքում: Փաստաթղթի համաձայն՝ մահվան դատավճիռը հնարավոր չի լինի մեղմացնել:

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հետագայում մեկնաբանել է խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը: «Ահաբեկիչների համար մահապատժի մասին օրենքի ընդունումը ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետ միջոց և լուրջ զսպող գործոն կդառնա: Ահաբեկիչ մարդասպանները չպետք է անպատիժ մնան», - նշել է Լիբերմանը իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Ավիգդոր Լիբերմանը ահաբեկիչների համար մահապատժի մասին օրինագծի ընդունման աջակցությունը ստացել էր 2017 թվականի դեկտեմբերի վերջին: «Մեր տունը Իսրայելն է» կուսակցությունը, որը ղեկավարում էր Լիբերմանը, մի քանի անգամ առաջ էր քաշել այս օրենքը, սակայն այն չէր անցել կառավարության և խորհրդարանի հաստատման անհրաժեշտ փուլերը:

Իսրայելը պատկանում է այն երկրների ցանկին, որտեղ մահապատիժը օրենքով չի վերացվել, բայց, փաստացիորեն, չի կիրառվում: