Միացյալ Նահանգներում նոյեմբերի 6-ին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Սենատում առաջատար են Հանրապետական կուսակցության անդամները՝ 51 տեղ, իսկ Դեմոկրատական կուսակցության անդամները ստացել են 42 տեղ: Ներկայացուցիչների պալատում, սակայն, առաջատար են դեմոկրատները՝ 185, իսկ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցները՝ 175 տեղ, հայտնում է The Guardian-ը:

Ավելի վաղ Fox News հեռուստաալիքը կանխատեսել էր, որ դեմոկրատները մեծամասնություն կկազմեն Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում: Նշվում էր, որ եթե նման բան տեղի ունենա, ապա դեմոկրատներն ութ տարվա մեջ առաջին անգամ մեծամասնություն կունենան Ներկայացուցիչների պալատում: Այդ դեպքում, ըստ Fox News-ի, դեմոկրատները կարող են նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթաց նախաձեռնել: